Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան

Մարտի 4-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմը, բազմաթիվ լրագրողնեեր և բազմաթիվ այլ հայտնի հյուրեր:

Մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ մանկապատանեկան ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 2019 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին: Տիգրան Նալչաջյանի համար այս ֆիլմն առանձնահատուկ նշանակություն ունի. նա ոչ միայն սցենարիստն է ու գլխավոր դերակատարներից մեկը, այլև՝ ռեժիսորը, իսկ ամենից կարևորը, ինչպես նշում է ինքը, դերասաններն են, որոնք նաև նրա ստուդիայի սաներն են: «Երկար ժամանակ դասավանդելով և բեմադրություններ անելով իմ ստուդիայի սաների հետ, որոնց գերակշիռ մասը պատանեկան և ուսանողական տարիքի են, ցանկանում էի նկարահանել ֆիլմ, որում հերոսները կլինեն հենց նրանց հասակակիցները»,- ասաց ռեժիսորը՝ ընդգծելով,- «Սա իմ երրորդ ֆիլմն է, որը, հուսով եմ, կունենա ոչ պակաս հաջողություն»: Անդրադառնալով դերասանների ընտրությանն ու ավելի քիչ հայտնի դերասանների հետ աշխատանքին, ռեժիսորը մանրամասնեց. «Մենք ստեղծել ենք պատանեկան ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են այդ տարիքային խմբի որակյալ դերասաններ: Մնացած բոլոր դեպքերում առաջնորդվել ենք դերասանների կերպարներին համապատասխանությամբ: Ունենք նաև մի շարք հրավիրված տաղանդավոր դերասաններ: Մեր հաղթաթուղթը հենց ֆիլմն է, որը կարծում եմ, դուր կգա հանդիսատեսին:

Այսօր ֆիլմի պրեմիերան է, ես շատ հուզված եմ: Խոստանում եմ, որ հանդիսատեսը հաճելի ժամանակ կանցկացնի կինոթատրոնում և նոր դեմքեր կբացահայտի»: Դերասանական կազմում կան նաև արդեն երկար ճանապարհ անցած և կայացած, բազմաթիվ հեռուստանախագծերից հայտնի դերասաններ. «Ազիզյանները» սիթքոմից հայտնի Ստեփան Հովհաննիսյանը գլխավոր հերոսներից է, իսկ Ռոբերտ Հակոբյանին կտեսնեք շատ հետաքրքիր կերպարով, նա մարմնավորում է դպրոցի տնօրենին: Ռուսաստանաբնակ Սահակ Դուրյանը, ով նկարահանվել է 40-ից ավելի ռուսական ֆիլմերում, առաջին անգամ հանդես է գալիս հայակական ֆիլմում: Նկարահանվել են նաև Էլեն Գևորգյանը, ով հայտնի է «Անմոռանալի օր» ֆիլմից, ճանաչված մոդել Էլեն Սահակյանը, դերասանուհի Մարգարիտա Հունանյանը և այլ դերասաններ: Ֆիլմի բեմադրող օպերատորը Պետիկ Ավետիսյանն է, ում հետ Տիգրան Նալչաջյանն արդեն երրորդ անգամ է համագործակցում: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել մայրաքաղաքից դուրս՝ Առիջ գյուղում, որը նույնպես մտածված է եղել: «Նպատակ ունեինք գեղեցիկ ու կոլորիտային թաղամաս ստանալ: Այս անգամ ցանկացանք մի փոքր շեղվել մեր շատ սիրելի Երևանից: Կարծում եմ՝ դա միայն հետաքրքրություն կհաղորդի ֆիլմին»,- ընդգծեց ռեժիսորը: Կատակերգական ֆիլմն ունի նաև դրամատիկ երանգներ, որոնք ընդգծվում են երաժշտական հետաքրքիր լուծումներով: «Երաժշտությունը ֆիլմի կեսն է, այն անպայման պետք է լինի որակյալ և հիշարժան»,- անդրադառնալով ֆիլմի համար հատուկ գրված երաժշտությանը նկատեց ռեժիսորը: Իսկ Ֆիլմն արդեն ցուցադրվում է մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email